Գիտնականի հրապարակումային գործունեության մեջ կարևոր նշանակություն ունեն գիտաչափական ցուցանիշները։ Դրանք կարող են հաշվի առնվել ատեստավորման, դրամաշնորհային հայտերի քննարկման կամ պաշտոնների համար մրցութային ընտրության ժամանակ։ Այդպիսի ցուցանիշներից մեկը մեջբերվածությունն է։ Մեր հոդվածում կպատմենք, թե ինչպես կարող է հեղինակը բարձրացնել իր գիտական աշխատանքների մեջբերումների քանակը։

Ի՞նչն է ազդում մեջբերվածության վրա։
Մեջբերվածությունը ցույց է տալիս, թե այլ հետազոտողները քանի անգամ են իրենց նյութերում հղում կատարել հեղինակի աշխատանքին։ Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մասնավորապես՝ հետազոտության որակը, թեմայի արդիականությունը, հոդվածի հասանելիությունը, ձևավորումը, այն ամսագիրը, որում հրապարակվել է աշխատանքը և այլն։
Շատ գիտնականներ ձգտում են ավելացնել իրենց աշխատանքների մեջբերումների քանակը։ Դրա համար առաջին հերթին կարևոր է բարձրացնել հետազոտությունների տեսանելիությունը, քանի որ դա կարող է նպաստել թիրախային լսարանի ավելի լայն ընդգրկմանը։ Որքան շատ գիտնականներ ծանոթանան նյութին, այնքան ավելի մեծ կարող է լինել դրա հետագա մեջբերման հավանականությունը։
Ինչպե՞ս բարձրացնել մեջբերումների քանակը։
1. Աշխատել հետազոտությունների թեմայի և որակի վրա
Մեջբերման հավանականությունը բարձրացնելու համար հետազոտությունը պետք է գիտական նորույթ պարունակի և դիտարկի արդիական խնդիր։ Օրինակ՝ նեղ մասնագիտացված հոդվածը կարող է շատ կարևոր լինել իր ոլորտի համար, սակայն օբյեկտիվորեն ավելի քիչ մեջբերումներ ունենալ։ Հետևաբար, թեման ընտրելիս անհրաժեշտ է պահպանել հավասարակշռություն՝ ընտրելով այնպիսի թեմա, որում հեղինակը լավ կողմնորոշվում է և որը միաժամանակ համապատասխանում է որոշակի ոլորտի կարիքներին։
Ավելի հաճախ մեջբերվում են այն հետազոտությունները, որոնք պարունակում են նոր և հիմնավորված արդյունքներ, հուսալի տվյալներ, թափանցիկորեն նկարագրված մեթոդաբանություն, ինչպես նաև առաջարկում են արդիական խնդրի լուծման մոտեցումներ, որոնք կարող են օգտագործվել այլ գիտնականների կողմից։ Ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձնել աշխատանքի որակին։ Դա կարող է նպաստել ոչ միայն մեջբերվածության աճին, այլև հետազոտողի մասնագիտական հեղինակության ամրապնդմանը։
2. Ընտրել մասնագիտական ամսագիր
Ձեռագրի հրապարակման համար ամսագրի ընտրությանը պետք է պատասխանատու մոտեցում ցուցաբերել։ Առաջին հերթին անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները՝
- հրատարակության ուղղվածության համապատասխանությունն աշխատանքի թեմային
- տվյալների բազաներում ինդեքսավորման արդիական կարգավիճակը
- գիտաչափական ցուցանիշները
- հեղինակությունը
Հոդվածի հրապարակումը մասնագիտական ամսագրում, որը կարդում է թիրախային գիտական լսարանը, կարող է բարձրացնել դրա տեսանելիությունը և այդպիսով նպաստել հետագա մեջբերմանը։ Մինչդեռ նյութի տեղադրումն այնպիսի հրատարակությունում, որի ուղղվածությունն ու լսարանը չեն համապատասխանում հետազոտության թեմային, հաճախ սահմանափակում է դրա ընդգրկումը։
3. Հրապարակվել բաց հասանելիությամբ
Բաց հասանելիությունը կարող է ընդլայնել հետազոտության հնարավոր լսարանը։ Հրապարակման այս մոդելը հնարավորություն է տալիս ամսագրի բաժանորդագրություն չունեցող հետազոտողներին ազատորեն ծանոթանալ հոդվածին։ Այսպիսով, մեծանում է հավանականությունը, որ աշխատանքը կգտնեն, կկարդան և հետագայում կմեջբերեն։ Հենց այդ պատճառով ձեռագիրը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել ամսագրի կամ հրատարակչի քաղաքականությունը և բաց հասանելիությամբ հրապարակման պայմանները։
4. Ճիշտ ընտրել հիմնաբառերը
Հիմնաբառերն օգնում են բարձրացնել գիտական հոդվածի տեսանելիությունը։ Նյութի որոնումը հեշտացնելու համար դրանք պետք է ճշգրտորեն համապատասխանեն հետազոտության բովանդակությանը, թեմային և դրանում օգտագործվող հիմնական եզրույթներին։
Նպատակահարմար է այս բառերը ներառել հոդվածի վերնագրում և ամփոփագրում։ Սակայն չարժե դրանք օգտագործել առանց պատշաճ անհրաժեշտության կամ դրանցով գերհագեցնել տեքստը։
5. Հրապարակվել համահեղինակությամբ
Այլ հետազոտողների հետ համագործակցությունը կարող է բարձրացնել աշխատանքի տեսանելիությունը, քանի որ համահեղինակներից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտական կապերը և աշխատում է որոշակի գիտական միջավայրում։ Այսպիսով, համահեղինակությամբ հրապարակումը կարող է ընդգրկել ավելի լայն լսարան, ինչը կնպաստի դրա հետագա մեջբերմանը։
Միևնույն ժամանակ կարևոր է պահպանել հրապարակումային էթիկայի սկզբունքները։ Հեղինակությունը պետք է տրամադրվի միայն այն հետազոտողներին, որոնք էական մտավոր ներդրում են ունեցել աշխատանքում, մասնակցել են ձեռագրի պատրաստմանը և պատրաստ են պատասխանատվություն կրել դրա բովանդակության համար։
Մեջբերվածության մակարդակը գիտնականի համար առանցքային ցուցանիշներից մեկն է։ Դրա աճին կարող են նպաստել աշխատանքի տեսանելիությունն ու հասանելիությունը, ուստի հեղինակը պետք է աշխատի դրանց բարձրացման ուղղությամբ։ Կարևոր է, որ հոդվածը լինի որակյալ, օգտակար և հասանելի լսարանի համար։ Դա կարող է բարձրացնել այլ հետազոտողների կողմից դրա հետագա օգտագործման և մեջբերման հավանականությունը։
Մեջբերվածության մակարդակի բարձրացման հետ կապված դժվարություններ ունե՞ք։ Դիմեք Գիտական Հրապարակումներ ընկերությանը։ Մեր մասնագետները կիրականացնեն պրոֆիլի աուդիտ, կօգնեն լուծել տեխնիկական հարցերը և կընտրեն անհատական ռազմավարություն՝ այս ցուցանիշը բարձրացնելու համար։ Հայտ թողեք կայքում, և մեր մենեջերը շուտով կկապվի ձեզ հետ։ Միասին՝ դեպի նոր գիտական նվաճումներ։